«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Պետք է ազատվենք զոհի համախտանիշից

Պետք է ազատվենք զոհի համախտանիշից
06.03.2025 | 08:19

Մեր արյունից ոչ ոք չունի։ Աշխարհի բնակչության 85%-ը պատկանում ա ռեզուս-դրական, 15%-ը՝ ռեզուս-բացասական խմբին, մենակ մենք՝ հայերս ենք պատկանում ռեզուս-ողբերգական խմբին։ Ամեն մեկիս մի կյանքափեշ պատմական վիշտ ա բաժին ընկել, որ մինչև մահ շալակած տանում ենք, հետո դնում ենք մեր երեխեքի ուսերին՝ որպես թանկարժեք ժառանգություն, իսկ ինքներս թեթևացած՝ ընկղմվում ենք մեր վշտաբորբոք պատմության մեջ ու չքանում մոռացության խորխորատում։ Մեր ժամանակի միավորը լացն ա՝ լացն անց քսան րոպե, լացից տասնհինգ պակաս, իսկ հանգստի վիճակը՝ կարոտը։ Մի անձին բաժին ընկնող արցունքաբեր կարոտի քանակությամբ առաջին տեղն ենք գրավում աշխարհի բոլոր ազգերի մեջ։ Իսկ կարոտն ի՞նչ ա՝ վիրավոր սեր։ Հա՛, մեր սերն էլ ա վիրավոր։ Իսկ մեր ատելությունը տեղով վերք ա՝ բաց, արյունահոս վերք, որ ուտում ա մեզ։

Մենք խրամատ ենք փորել մինչև երկինք, որ հանկարծ ոչ մեկին չհաջողվի գալ, մեզ սգահան անել։ Ապրում ենք պատերազմի տրտմաբանությամբ ՝ զոհված անցյալ, ռազմագերի ներկա, անհետ կորած ապագա, ու փրկություն ենք գտնում հուսալքման մեջ։ Հուսալքումն ինքնին սարսափելի չի, սարսափելին էն ա, որ դրանից հետո գալիս ա բարոյալքումը։ Հուսալքվածին դեռ կարելի ա հույս տալ. նա ինքն ա հույս փնտրում, իսկ բարոյալքվածն արդեն ոչինչ չի փնտրում։ Բարոյալքումը հաշմանդամության տեսակ ա, որին մենք կամաց-կամաց մոտենում ենք ազգովին։ Ասես ինչ-որ մեկի զարհուրելի երազում լինենք։

Չէ՛, պետք ա վերջ տալ էս մղձավանջին, պետք ա դուրս գալ լացուկոծային էս շրջափակումից՝ ինչ գնով էլ լինի, թեկուզ արյան ամբողջական փոխներարկում կատարենք։ Պետք ա մեր հիշողությունը մաքրենք ողբից, պետք ա ազատվենք զոհի մահացու համախտանիշից։ Ախր, զոհը միշտ գիտակցաբար, թե ենթագիտակցաբար՝ դահիճ ա փնտրում, ինչպես ստրուկն ա տեր փնտրում, ինչպես ատելությունն ա մահ փնտրում։ Չէ՛, պետք չի՛ մոռանալ մեր միլիոնավոր նահատակներին, բայց կորուստը հիշել չի նշանակում անդադար սգալ։ Մեր վրեժն էլ պետք չի մոռանալ, բայց վրեժ լուծել չի նշանակում մահ տենչալ։ Դա թույլի, անճարի ընտրությունն ա, իրեն անկարող ճանաչողի ընտրությունն ա։ Մեր վրեժը պիտի ժպիտը լինի մեր երեխաների դեմքերին, պիտի մեր ծաղկած այգիները լինեն, մեր գիտնականներն ու պոետները լինեն, մեր վրեժը պիտի իրար հանդեպ մեր սերն ու հարգանքը լինի, ու էդ ժամանակ մենք կհաղթենք, իսկ մեր երեխաների մեջ հարություն կառնեն ու կապրեն մեր կորցրած հարազատները։

Դեռ շանս կա, դժվար հասանելի, ցավալի լուծումներով, բայց դեռ շանս կա։ Մեր ուղեղներն ուզում են միավորվել ու լուծում գտնել, բայց մեր քարացած սրտերը թույլ չեն տալիս։ Աստվածաշունչը, որը մենք ընտրել ենք որպես մեր կյանքի գլխավոր գիրք, իմաստուն գիրք ա ու ասում ա. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա»։ Մոռանա՛նք մեր անձը, մեր եսը, մոռանանք մեր տարաձայնությունները, կենտրոնանանք գլխավորի վրա, իրար լսենք, որ կարողանանք միավորվել ու միասին դուրս գալ էս վիճակից, ուրիշ ելք չկա։ Ուրիշ ելք չկա՛։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7629

Մեկնաբանություններ